Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ նախարարի՝ իր՝ ԱՄԷ կատարած այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը:
Իր հերթին դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։
Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







