Արսեն Բաբայանի ձերբակալությունն ապօրինի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությանը և պաշտպանների բողոքի` դատարանի քննությանը։
«Ամենայն հավանականությամբ, դատարանն այսօր միաժամանակ կքննարկի մեր բողոքը և կալանավորման միջնորդությունը: Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հարցաքննվել է, այդ մասին նշում կար նաև իր հարցազրույցում»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը։
Երվանդ Վարոսյանը նշել է, որ Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հարցազրույցները դիտելուց հետո համոզվել է, որ Արսեն Բաբայանին ուղղված մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի։
Պաշտպանի խոսքով՝ Արսեն Բաբայանի ձերբակալման միակ հիմքը անձի թաքնվելու վտանգն է, սակայն Բաբայանը կամավոր, պատշաճ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին:
«Նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը համաներման տակ ընկնող մեղադրանք է: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունն ապօրինի է»,- ընդգծել է պաշտպանը։
Երվանդ Վարոսյանը նշեց, որ իրենք պահանջելու են, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացնի այլ մարդկանց ցուցմունքներ ևս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






