Ռուսաստանի Դաշնությունը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի մրցույթի (տենդեռ) ձախողման կապակցությամբ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը (մտնում է «Պրոմտեխնոլոգիայի» խմբի մեջ) և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս տարվա օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական այդ ընկերությունը, Հայաստանում քրեական գործ են հարուցել «Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով: Հետագայում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ ՊՆ-ն։
Համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ բողոքի նոտան մոտ ժամանակներս դիվանագիտական խողովակներով կհանձնվի Երևանին:
Հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հասցեագրված նոտայում ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտն «առանց ծանրակշիռ հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը «անհիմն կերպով ներառված է ՀՀ ԶՈՒ անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:
Փաստաթղթից հետևում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափ կերպով դիմել է բանկ՝ մրցույթին մասնակցելու բանկային երաշխիքի վճարման պահանջով», թեև օրենքով սահմանված կարգով ընկերությունը պետք է վճարեր նման փոխհատուցում, եթե հաղթեր մրցույթը և հրաժարվեր պայմանագիր կնքելուց:
«Խնդրում եմ Ձեզ քննարկել ստեղծված իրավիճակը և ցուցումներ տալ դրա կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ», — ասված է փաստաթղթում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






