Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններն անկախությունից ի վեր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դրանց զարգացման դինամիկան դրական է:
Տիգրան Ավինյանն ու Դավիթ Զալկալիանին ընդգծել են Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի վերջերս Հայաստան կատարած այցի կարևորությունը՝ նշելով, որ այն կարևոր ազդակ է երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար:
Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ ընդգծելով տարածաշրջանային կայունությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաև մուտքի ընթացակարգերի պարզեցմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






