Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությունը։
Աննա Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:
«Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելությանը հաջորդող հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները քննարկելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






