Հայաստանն օգտագործելու է միջազգային բոլոր հարթակները՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ առանցքային մոտեցումները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով BBC-ի Hard Talk-ի շրջանակներում իր պատասխանների վերաբերյալ Հայաստանում հնչեցված կարծիքներին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ուրախ է, որ Հայաստանում առկա է կարծիքների բազմազանություն, քննադատություն, ինչու չէ նաև աջակցություն։
«Ուրախ եմ, որ Հայաստանում հաղորդումն առաջ է բերել ակտիվ քննարկում, որը բազմակարծության ապացույց է: Այդ քննարկումը շատ օգտակար էր նաև ինձ համար»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևորը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը: Շատ հստակ է բոլորիս համար մեր դիրքորոշումը: Մենք, որպես միջազգային հանրության լիարժեք անդամ, եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Այս մոտեցումը Հայաստանը տարածելու է միջազգային հանրության լայն շրջանակների մեջ»,- ընգծել է Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային վեճ չէ, այն անվտանգության և կարգավիճակի հարց է:
«Արցախում ապրում են հայեր. որպեսզի այդ տարածքը մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր և ապագայում»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






