Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առանձնազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:
Սերգեյ Շոյգուն ընդգծել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:
Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






