ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում վարչապետը ողջունել է ՌԴ պաշտպանության նախարարին և բարձր գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։
ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից ։
ՌԴ պաշտպանության նախարարն էլ նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է:
Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ.-ի. ծրագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945թ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






