Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։
Լի Սոկ-Բեն նշել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:
Ըստ փոխվարչապետի՝ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Տիգրան Ավինյանը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը՝ այն անհարժեշտ ազդակ և իրավական հիմք համարելով երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ արձանագրվել է առաջխաղացում. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով:
Այս տեսանկյունից քննարկվել է Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցության հարցը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար և առաջարկել ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






