Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան կլինի պաշտոնական: Այս մասին այսօր ՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
Մնացականյանի խոսքով ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններն ակտիվորեն շփվում են միմյանց հետ։ «Լավրովի առաջիկա այցի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր համագործակցությանը վերաբերող հարցեր։ Առաջիկա քննարկումների օրակարգում են նաև տարածաշրջանային գործընթացները»,-նշել է Մնացականյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լավրովի երևանյան այցի ժամանակ քննարկվելու է բիոլաբորատորիաների հարցը, Մնացականյանը նշել է, որ այդ հարցը բանակցությունների փուլում է՝ ձեռնպահ մնալով լրացուցիչ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուս մասնագետների, այդ թվում ՝ զինվորականների մուտքը Հայաստանի բիոլաբորատորիաներ կերաշխավորվի՝ հավելելով, որ դրանք ստեղծվել են Պենտագոնի փողերով, և որ համապատասխան հուշագիրը պլանավորվում է ստորագրել Լավրովի ՝ Երևան կատարելիք այցի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






