Մի բան հաստատ իմացեք՝ ԱԻՆ-ում որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը՝ սպասենք, տեսնենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իրականացվող ստուգումներին, նշել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ֆելիքս Ցոլակյանի կարծիքով՝ ստուգումները վերաբերում են բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը։ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ Փրկարար ծառայության նախկին պետի կողմից հնչեցված մեղադրանքները չի ընդունում:
ՀՀ ԱԻ նախարարի խոսքով՝ նախարարության 9 աշխատակից բողոքել են, որ նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան:
«Այդ աշխատակիցները հեռացվել են և ստորագրել են բողոքի տակ: 6500 հոգանոց կոլեկտիվում 9 հոգի է ստորագրել՝ իբր կան խախտումներ: Պաշտպանական բնազդն է խոսել, նրանք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, պետք է դուրս գային, քանի որ արդյունավետ չեն աշխատել, իսկ ծառայության տնօրենն աշխատանքի մեջ թերացել է»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարի խոսքով՝ աշխատանքից ազատման պատճառներից մեկն է եղել այն, որ ամառվա լուրջ հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել:
Դիտարկմանը, որ նախարարը յուրայիններին է աշխատանքի տեղավորում, Ցոլակյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե յուրային ասելով՝ ինչ են հասկանում շատերը: Համակարգում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին, բայց ոչ բարեկամներին։
«Ասել եմ՝ բարեկամ, հարազատ չունեմ այդ կառույցում: Դիմում են հորեղբոր, քեռու տղաներ, բայց չեմ ընդունել նրանց: Ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո բավականին մեծ փոփոխություն է կատարվել համակարգում, նրանց աշխատանքն այսօր էլ գնահատում եմ շատ բարձր», – ընդգծել է Ֆելիքս Ցոլակյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






