Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Չի-Ֆուն Չանը նշել է, որ պատրաստվում է այցելել Գյումրի և մտադիր է այնտեղ հիմնել «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղը: Չանի խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավատների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Գյումրին իսկապես հետաքրքիր ու ճիշտ վայր է նման նախագծերի իրականացման համար: «Գյումրին արվեստի և վարպետների քաղաք է, այն ունի հիանալի, տաղանդավոր բնակիչներ և զարգացման մեծ ներուժ: Մենք փորձում ենք վերակենդանացնել, աշխուժացնել քաղաքը, և ուրախ ենք, որ «Սինոփսիս»-ը սկսել է աշխատել այնտեղ»,- ընդգծել է ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ Գյումրիի պատմական ժառանգության պահպանությունն իր ուշադրության կենտրոնում է, և նախագահական նախաձեռնություններից մեկը նվիրված է հենց քաղաքի պատմական միջուկի պահպանմանն ու զարգացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






