ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսության շրջանակներում Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանն ու Փիթեր Էրիքսոնն ընդգծել են երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ՝ փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների:
Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև աղբի վերամշակման ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանն ու Փիթեր Էրիքսոնն ընդգծել են այլընտրանքային և վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարն ու Էրիքսոնը կարևորել են ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ իրավական նոր հենք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






