Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը:
«Մանվել Գրիգորյանից ստացված գրության համաձայն` Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում»,–ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Դատարանը մերժեց նաև Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են նաև Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական հերթական նիստը, որին Մանվել Գրիգորյանը կրկին չի մասնակցում` առողջական վիճակից ելնելով։
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






