Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն»,- նշել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն:
Արմեն Սարգսյանը մասնավորապես հետաքրքիր է համարել Հունաստանի՝ որպես Եվրամիության անդամ երկրի և Հայաստանի՝ որպես Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ ստեղծող ու ԵԱՏՄ անդամ երկրի փորձերը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
«Երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ամուր են և խորը: Մենք ունենք հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց ունենք նաև ընդհանուր ցավ: Մենք բավականին լավ գիտենք և գիտակցում ենք անկախության ու ժողովրդավարության արժեքը և Ցեղասպանության ճանաչման համար պայքարի կարևորությունը»,- ընդգծել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







