Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի (ORSIS ապրանքանիշ) զինամթերքի գործարանի գործը, քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանում գրանցված «Օրսիս արմս» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է մեր միջնորդությունը և քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել հատուկ քննչական ծառայություն, որը զբաղվում է կոռուպցիոն հանցագործություններով», — նշեց փաստաբանը:
Նա հայտնել է, որ ORSIS-ի ներկայացուցիչներն երկու շաբաթ առաջ դիմել են գլխավոր դատախազին՝ գործը ՀՔԾ տեղափոխելու խնդրանքով, քանի որ կասկածներ են եղել քննչական կոմիտեի՝ հետաքննության օբյեկտիվությունն ապահովելու վերաբերյալ:
«Գործի տեղափոխման փաստարկներից մեկն այն էր, որ քննչական կոմիտեում ՀՀ ՊՆ նախարարի ազգականը զբաղեցնում է բարձր պաշտոն։ Բացի այդ, հերթական տենդերը տապալելու պարզ գործը անհասկանալի պատճառներով անհիմն երկար էր քննվում», — հայտարարել է Սիրունյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսին Հայաստանում գրանցված «Օրսիս արմս» ընկերության փաստաբանը, որը ռուսական ORSIS ընկերության լիազոր ներկայացուցիչն է, ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից խոշոր քանակությամբ սպառազինության ձեռքբերման փակ տենդերի տապալման պատճառով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Հոկտեմբերի վերջին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանն իբր պատրաստվում է բողոքի նոտա հղել Հայաստանին զենքի մրցույթի ձախողման պատճառով, սակայն այդ հաղորդագրությունները չէին համապատասխանում իրականությանը:
Նոյեմբերի 5-ին «ՏԱՍՍ»-ում հոդված հրապարակվեց, ըստ որի «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը ՀՀ ՊՆ-ից ստացել է ոչ պաշտոնական առաջարկներ՝ կարգավորելու հայկական կողմին զենքի մատակարարման չկայացած պայմանագրի հետ կապված հարցերը: Ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն ևս իրականությանը չի համապատասխանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






