Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահում «Ծաղիկներ մարտիկներին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
«Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք մեծ ներդրում ունեն, անգնահատելի ներդրում նացիզմի ճեղքման ընդհանուր գործում», — հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման ժամանակ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն ուշադրությունը, որը հատկացվում է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողությունների պահպանմանը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հաջորդ տարի կնշվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը։
Ըստ Լավրովի՝ ռուսական կողմի համար հատկապես արժեքավոր է այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն առաջիններից մեկն արձագանքեց նախագահ Պուտինի ՝ Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ին կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու հրավերին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հաղթանակը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի ժողովուրդների ընդհանուր ձեռքբերումն է:
«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է», — հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա անընդունելի է համարել նաև պատմությունը վերանայելու և պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրելու փորձերը։
Մնացականյանը հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը նահատակվել է մարտի դաշտում։
Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան կտևի մինչև նոյեմբերի 11-ը: Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում գտնվելու ծրագրով նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ Հայաստանի արտգործնախարարի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






