Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին՝Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի նպատակն է մասնակցել Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Նոյեմբերի 12-ին նախատեսվում է մասնակցություն Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի շրջանակներում վարչապետը հանդես կգա ելույթով։
Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը կմասնակցի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին, որի շրջանակներում նույնպես հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Ֆրանսիա կատարվելիք աշխատանքային այցի օրակարգում է նաև ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ․ Վարչապետը ելույթ կունենա համայնքի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելության շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






