Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Այս մասին հաղորդում է Վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը, կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ և վերահաստատել Հայաստանի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:
Ըստ Վարչապետի՝ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը և նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:
Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում՝ հետաքրքրություն արտահայտելով զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






