Այսօր՝ նոյեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը, որը նախագահել է ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, անհատ գործիչների, փորձագետների, մտավորականների մեկ ընդհանուր հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել և այդ շրջանակներում պետք է քննարկվեն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի արդիական հարցերը։
«Նման շփումները կարևոր են առաջին հերթին նոր գաղափարներ և նախաձեռնություններ ստեղծելու համար, որպեսզի որոշակի կոնսենսուս ապահովվի քաղաքական ուժերի միջև», — նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այդ քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության ներկայացուցիչները:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը դեռևս ձևավորման փուլում է, արդեն տեղի են ունեցել մի շարք քննարկումներ՝ կապված Արցախյան հիմնախնդրի, տնտեսության, ներքաղաքական գործընթացների հետ։ «Աստիճանաբար ձևավորվել է մշտական մասնակիցների շրջանակը, բայց «ակումբի անդամ» հասկացություն դեռևս չկա, սակայն ես չեմ շտապում, քանի որ «Վերնատուն»-ը որևէ քաղաքական ուժի չի պատկանում, այն բոլորի համար է»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը:
Համաժողովի մասնակիցներն այսօր քննարկել են երեք գլխավոր թեմաներ՝ Արցախյան հիմնահարցը, բարոյահոգեբանական վիճակը Հայաստանում և իրավական հարցերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






