Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Դիվանագետներին հետաքրքրել են Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումներն ու փոփոխությունները։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշել է, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և զարգացումներով, այլև հստակ արձանագրեցին, որ նաև ԱՄՆ-ում է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել։
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է վերջին զարգացումների հետևանքով ՀՀ ԱԺ-ի դերն ու նախատեսվող բարեփոխումները, գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ Ընտրական նոր օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումները կարևոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Այս պահին մի քանի հիմնական ուղղություններ ենք նախանշել. ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում, ինչպես նաև մի շարք այլ բարեփոխումների իրականացում»,-ասել է Տաթևիկ Հայարապետյանը։
Նշենք, որ 2018 թվականի իրադարձություններից հետո սա հայ խորհրդարանական պատվիրակության առաջին այցն է Միացյալ Նահանգներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






