Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
«Նովոռոսիա» լրատվական գործակալության լրագրողը ՀՀ վարչապետին հարց է ուղղել Գարեգին Նժդեհ գործչի նկատմամբ վերաբերմունքի մասին՝մասնավորապես նշելով, որ. «Ռուսների մեծամասնության համար նա այնքան էլ անվիճելի գործիչ չէ, իսկ հայերի մեծ մասի համար նա ազգային հերոս է: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի պատմության իր մեկնաբանությունը, սա լիովին նորմալ է, կա այդ մեկնաբանությունների բախման խնդիր, սա նույնպես նորմալ է: Բայց մեր երկրների միջև հարաբերություններն անցյալում, ներկայում և ապագայում այնքան ընկերական, դաշնակցային են, այնքան շատ բան է մեզ միավորում, որ այդ քիչ վիճելի բաժանարար հարցերը, կարծես, պետք է միասին լուծվեն: Այսինքն՝ միգուցե կա մի ճանապարհ, որպեսզի ինչ-որ կերպ միասին լուծենք այս հարցը: Ասենք, ստեղծեք պատմաբանների, հասարակական գործիչների, քաղաքագետների համատեղ հանձնաժողով, որը խորը, համապարփակ, երկկողմանի կվերլուծի այս հարցը և կգտնի մի modus vivendi: Ընդհանրապես, կա՞ն տարբերակներ այս խնդրի լուծման համար, բացի դրան չանդրադառնալուց»:
Ի պատասխան այս հարցի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ բախվել այս խնդրի հետ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, երբեք մեր հարաբերություններում, և մեր խոսակցություններում, բանակցություններում: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ այս հարցն Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների օրակարգում է, քանի որ առաջին անգամ բախվել եմ այս խնդրին, և դա անսպասելիորեն տեղի է ունեցել Աշխաբադում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, և, անկեղծ ասած, զարմանալի է որ այս հարցը կա նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում»:
Փաշինյանը նշել , որ ոչ ոք մեր ռուս գործընկերների հետ զրույցի ընթացքում ընդհանրապես չի հնչեցրել Գարեգին Նժդեհի անունը:
«Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի անձին: Իհարկե, Աշխաբադում ես շատ բան խոսեցի այս մասին: Դուք ասում եք՝ եկեք ստեղծենք հանձնաժողով: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝ ուսումնասիրելու մեր սեփական պատմությունը: Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհ անունը մեր պատմության մեջ: Նրա անունը հայտնվեց մայիսյան հերոսամարտերից, որոնց արդյունքում ստեղծվեց մեր ժողովրդի պատմության մեջ առաջին հանրապետությունը`1918-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Ի դեպ, Հովհաննես Բաղրամյանը նույնպես մասնակցել է այդ մարտերին: Նրանք փաստորեն կողք-կողքի կռվել են իրենց հայրենիքի համար, և արդյունքում Հովհաննես Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Մեզ համար Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը նույն սերումն ունեն՝ որպես մեր պատմության գործիչներ: Այսինքն՝ նրանք պայքարում էին Հայաստանի համար, հայերի համար, և նրանք փորձում և անում էին հնարավոր ամեն ինչ իրենց ժողովրդին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքերից պաշտպանելու համար:
Հիմա շատ են խոսում, օրինակ, նրա մասին, որ Գարեգին Նժդեհը ինչ-որ շփում է ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Մոլոտովը նույնպես շփում ուներ Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք ստեղծենք համատեղ հանձնաժողով և ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ինչ է տեղի ունեցել «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի ժամանակ: Ռուսաստանում ինչ-որ մեկը դատապարտե՞լ է այդ գործողությունները: Ինչո՞ւ ոչ։ Եթե ցանկանում ենք սկսել, ապա սկսենք Մոլոտովից: Ի՞նչ արեց նա: Ինչո՞ւ։ Ի՞նչ են նրանք պայմանավորվել: Եվ ի՞նչ էր անում Ստալինը: Արդյո՞ք նա որևէ գաղափար ուներ, թե ինչ էին նրանք բանակցում այնտեղ: Մեզ համար ոչ մի հարց չկա, թե ով էր Գարեգին Նժդեհը: Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






