Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը:
Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից։
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջև առկա են սերտ դաշնակցային, միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերություններ են, որոնք բնութագրվում են փոխադարձ այցելությունների և հանդիպումների մեծ ինտենսիվությամբ՝ ամենաբարձր մակարդակներում:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երկկողմ համագործակցությունն առաջնային է. այս տարվա հոկտեմբերի 12-ին Նևերովի գլխավորությամբ պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջխմբակային և միջկուսակցական կապերի, երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև միջազգային վայրերում գործընկերության խնդիրների լուծմամբ:
«Աշխարհը զարգանում է, և այն խնդիրները, որոնց առջև մենք կանգնած ենք, նույնպես զարգանում են: Եվ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական և գրագետ աշխատանքի շնորհիվ:
Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ասում են, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի փոփոխության»,- ընդգծել է Վահե Էնֆիաջյանը։
Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ Էնֆիաջյանը նշել է, որ մշտապես կարևորում են համագործակցության ամենաբարձր մակարդակով զարգացումն ի դեմս կուսակցության նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, փոխնախագահների, երկու հանձնաժողովների նախագահների և երկու կողմերի կուսակցական կառույցների ղեկավարների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






