Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը:
ՀՀ ԱԱԾ կողմից նոյեմբերի 19-ին բերման է ենթարկվել և ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը;
ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո 2019թ նոյեմբերի 19-ին «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի քաղաքացին։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






