ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։
Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։
Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։
Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։
Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։
Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։
Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






