Այսօր` նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած ԵԺԿ համագումարում ելույթ է ունեցել ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախկին նախագահն իր ելույթն սկսել է հրավերքի համար շնորհակալական խոսքեր ասելով:
Նախկին նախագահն իր ելույթի սկզբում անդրադարձ է կատարել ՀՀ-ում 2018թ. գարնանը տեղի ունեցած իրադարձություններին, որոնց արդյունքում երկիրը հայտնվել է միջազգային լրագրերի գլխագրերում: Նախկին նախագահն ընդգծել է, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել բացառապես խաղաղ ճանապարհով` նպատակ ունենալով թույլ չտալ, որ լինեն մարդկային զոհեր, և երկիրը զերծ պահել ցնցումներից:
«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները որևէ հեղափոխական փոփոխություն չեն արել, հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր երևույթներ են տեղի ունենում. խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտորեն խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերաբար են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունն ու ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,-ասել է Սերժ Սարգսյանը:
«Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»,- հավելել է նախկին նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծել է, որ իր նպատակն է` բարձրաձայնել այդ մտահգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:
Նախկին նախագահն ընդունել է, որ Հայաստանում կատարվածի մեջ կար իրենց մեղքը` նշելով. «Առաջնային են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, գուցե այդ պատճառով շատ հարցեր երկրորդվել են»:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը` նշել է, որ մտահոգիչ է Արցախյան հակամարտության ներկա բանակցային փուլը` ցավով նշելով, որ Ադրբեջանը շարունակում է զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Բարձր ամբիոնից նախկին նախագահն իր ուղերձն է հղել Ադրբեջանին. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս խնդիրը չունի ռազմական լուծում»:
Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, որոնք, ինչպես ինքն է նշել, զարգանում են դեռևս իր նախագահության օրոք դրված հիմքերի վրա, և կոչ արել ԵՄ երկրներին` արագացնելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






