Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։
ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիստի շրջանակներում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:
Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






