ԱԱԾ նախկին ղեկավար և արդեն նաև ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը 168.am-ին տված հարցազրույցում պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի բլից հարցերին՝ հանրությանը ամենաշատը հուզող հարցերի վերաբերյալ։
Այն հարցին, արդյոք «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը իր հրաժարականի հարցում դերակատարում ուներ, թե՞ ոչ, Վանեցյանը չի պատասխանել՝ նշելով, որ քաղաքական ոչ մի հարցի չի պատասխանելու և զրուցելու է միայն ֆուտբոլի մասին:
Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, արդյոք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք, Վանեցյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»:
Հարցազրույցի ժամանակ Վանեցյանը նշել է, որ իր առջև խնդիր չի դրվել Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
ՀՖՖ նախկին նախագահն անդրադարձել է նաև Իտալիա-Հայաստան հանդիպմանը՝ նշելով, որ հավաքականից բացակայում էին մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, մարզիչը նոր էր փոխվել:
Ըստ Վանեցյանի՝ առհասարակ ֆուտբոլի շուրջ ստեղծված այս իրարանցումը ազդում է ֆուտբոլիստների բարոյահոգեբանական վիճակի վրա:
Զրույցի վերջում Արթուր Վանեցյանը նշել է, որ ինքը միշտ շարունակելու է ծառայել հայրենիքին, շեշտելով, որ.
«Ես ազատ մարդ եմ , կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






