Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ դիմելու են քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Դավիթ Խաժակյանը նշել է, որ 2018 թվականին ընդունված հնգամյա ծրագրում կետեր կային քաղաքում մի շարք տրանսպորտային հանգույցների կառուցման վերաբերյալ, նաև՝ 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված, ինչպես նաև մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման վերաբերյալ, սակայն այժմ, ներկայացվել է Երևանի զարգացման ծրագիր, որը դրվել է հանրային քննարկման և այնտեղ բացակայում է վերը նշված կետերը։
«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախագիծը կազմելիս չի պահպանվել նաև Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան կետը, որով քաղաքապետը կարող է փոփոխել հնգամյա զարգացման ծրագիրը բացառապես այն դեպքում, երբ ներկայացնում է հաշվետվություն և ասում, որ ունի օբյեկտիվ խնդիր և չի կարողանում այդ կետերն իրականացնել:
Խաժակյանը նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքում հստակ ասվում է, որ առանց օբյեկտիվ խոչընդոտների հստակ պարզաբանման հնարավոր չէ փոփոխություն իրականացնել՝ հավելելով, որ նիստի ընթացքում դիմելու են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել զարգացման ծրագրի խոչընդոտների վերաբերյալ։
«Լույս» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը հանրային քննարկման է դրվել օրենքի խախտմամբ և առանց չեղարկված կետերի վերաբերյալ պատճառաբանությունների, այն չպետք է քննարկվի դեկտեմբերին:
«Երևանի քաղաքապետը, սահմանված կարգով, մինչև 2020 թվականի մարտի 1-ը պետք է հաշվետվություն ներկայացնի, որից հետո, եթե կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիքի» խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ կան, այդ դեպքում հնարավոր լինի նախագծում փոփոխություն իրականացնել»,- ընդգծել է Դավիթ Խաժակյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






