ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:
«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- ընդգծել է Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը նշեց, որ չի ցանկանում ապացույցներին առանձին-առանձին անդրադառնալ, բայց այս պահին քննիչը համարել է, որ ապացույցները բավարար են Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ:
Կոստանյանն այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






