Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավումը գործնական նշանակություն ունի այդ գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այն, որ հարցի կարգավորումն առանց Արցախի մասնակցության անհնար է, կարծում եմ, սա փաստ է , որն ընդունվել և հնչեցվել է տարբեր առիթներով», — հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը նշել է, որ այս մասին վերջին անգամ խոսվել է Ռուսաստանի ԱԳ-ի նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ։
«Սա իրականություն է, որից հնարավոր չէ խուսափել», — ընդգծել է Մնացականյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին՝ ընդգծելով, որ Երևանի համար սա սկզբունքային հարցերից մեկն է ։
«Էսկալացիայի ռիսկերի նվազեցմանն ուղղված բոլոր գործողությունները եղել և մնում են առաջնահերթություն մեզ համար, և դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր բաղադրիչն են», — հայտարարել է Մնացականյանը ՝ հավելելով, որ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են օրակարգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






