Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին: Այս մասին փոխանցում է Վարչապետի մամուլի ծառայությունը:
Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան: «Այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա պատմական հարաբերությունների փաստը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ»,-հավելել է Վարչապետը` առանձնակի կարևորելով տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, վստահություն հայտնել, որ Հայաստանում ունեցած արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:
Փոխգործակցության խթանման համատեքստում զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, փոխշահավետ հարցերի առարկայական քննարկումը:
Նիկոլ Փաշինյանը և Այման Ալ Սաֆադին անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող թեմաների, կարևորել կայունության ու անվտանգության ապահովումը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:
Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






