ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոխությունների և կից օրենսդրական նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական:
Առաջարկվում է այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջակվում է՝ ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետին հնարավոր լինի նշանակել նաև համակարգից դուրս: Մարուքյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ գործադիր իշխանության ղեկավարին, որ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի տեղակալներին կարողանա նշանակել քաղաքացիական անձանց և միայն ԱԱԾ հետախուզության գծով տեղակալին՝ զինվորական անձ:
«Առաջարկվել է, որ խմբակցություններին իրավունք վերապահվի հրավիրել ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, վարչապետին ենթակա ղեկավար մարմիններին և հնարավորություն տրվի նրանց հարցեր ուղղելու, բայց առաջարկը մերժվել է»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ պետք է կիրառվեն անվտանգության սեկտորի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






