Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը:
«Փաստացի, այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցն ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է: Ինձ համար սպասելի չէր այս գործը: Նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը։
Նա նաև հավելել է, որ, չմոռանալով անմեղության կանխավարկածի մասին, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ կառավարություն դիրքորոշումն այն է, որ ապօրինությունը պետք է պատժվի՝ անկախ դրա հեղինակներից: Աղաջանյանը կարծում է, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքին շատ արագ կարձագանքի:
Անդրադառնալով այն հարցին, թե սա կարող է խարխլել իշխանության հեղինակությունը, Աղաջանյանն ասել է. «Ոչ, քանի որ այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և, հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, հակառակը, կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»։ Հիշեցնենք, որ երեկ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






