ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,-այս հարցադրմամաբ հանդես եկավ ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը: ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:
Դեմոկրատ սենատորին միացավ իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծեց՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ հանրապետական սենատորը վստահություն հայտնեց, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:
«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- նշել է սենատոր Քրուզը:
Նշենք, որ բանաձևի առաջադրմանը, սակայն, դեմ է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:
«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






