«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,-այսօր Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նախագահը նշել, որ այս տարիների ընթացքում և՛ գյումրեցիները, և՛ սպիտակցիները, և՛ վանաձորցիները համբերատար տարել են իրենց բեռն ու դժվարությունը՝ սպասելով, հավանաբար, այն օրվան, երբ բոլորս միասին կկարողանանք մեր հայացքն ամբողջությամբ ուղղել դեպի իրենց։
Այն հարցին թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, Արմեն Սարգսյանը նշեց, որ չպետք է նաև մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը և մեր ազգային ազատագրական շարժումը։
Արմեն Սարգսյանը հիշել է որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը Գյումրի նշելով․
«Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ՝ որպեսզի հյուրասիրի։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձավ ինձ համար։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






