Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Գայանե Աբրահամյանը նշել է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և հայկական կողմն արդեն իսկ ունի կարևոր հաջողություններ։
«Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱլԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին»,- նշել է Գայանե Աբրահամյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ հաջորդ կարևոր հաջողությունն արձանագրվել է քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 7 առաջարկներն ընդունվել են։
«Որոշ փոփոխություններով ընդունվեց նաև մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձևի աշխատանքների համար»,- նշել է Աբրահամյանը։
Ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի գրառման՝ այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱլԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր։
«Տնտեսական հանձնաժողովում ևս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաև միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձևի հիմնական թեմա»,- ասված է Աբրահամյանի գրառման մեջ։
Գայանե Աբրահամյանը նշել է, որ սոցիալական հանձնաժողովում ևս կարևոր հաջողություն արձանագրվեց․ հայկական պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






