Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակին, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործմանը, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերին, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներին և հարակից այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






