Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սույն թվականի դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում անպատեհ գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Արթուր Սաքունցը Ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ ԱԱԾ-ն հիշեցնել է, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետևաբար նրանց և փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հասանելի է յուրաքանչյուրի համար:
«Ինչ վերաբերում է մինչև հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայասատանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Նյութի հեղինակին ԱԱԾ-ն հորդորում է մինչև արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը և ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






