Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ռուբեն Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012-2018 թթ․ իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






