ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Աշխատաժողովի շրջանակներում Ավինյանը հանդես է եկել ելույթով։
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ 21-րդ դարում, ինչպես և նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով:
«4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումներն այժմ բոլորի շուրթերին են: Դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ տեխնոլոգիաներն այսօր արդեն վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը, և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն:
ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։
«Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականցվում նաև մեր գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային Բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է Երևանում «Ինժեներական քաղաք»-ը, առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






