Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը գնահատելի է համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ արդյունքների,-նշել է նախագահը՝ հավելելով, որ իր գործունեությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապացուցել է՝ եթե կա կամք, եթե կա սեր, եթե կա կենտրոնացվածություն կոնկերտ խնդրի ուղղությամբ, հնարավոր է շատ բանի հասնել:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը համաձայնել է, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն:
«Մեր աշխատանքն ուղղված է դրան: Մենք կարևորում ենք երեխաների կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջությունը և փորձում ենք հնարավորինս աջակցել թե՛ կառավարությանը, թե՛ ծնողներին՝ երեխաների համար անհրաժեշտ խնամք ու հավասար պայմաններ ապահովելու համար»,-նշել է Ռադոչայը։
Ռադոչայն ընդգծել է, որ Հայաստանում 25-ամյա գործունեության ընթացքում լավ արդյունքներ են արձանագրել, բայց կարևորել է նաև ներկայի և ապագայի համար արդյունավետ ծրագրերի իրականացումը:
Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






