ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Իր ուղերձում նախագահը մասնավորապես ասում է․
«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ-ի Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագա ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը»:
Նախագահը նշել է, որ Սենատի որոշումը նշանակալի քայլ է՝ վերահաստատելու, որ ճշմարտությունը, արդարությունը և մարդկությունը մնում են մարդու հիմնարար իրավունքների հիմնասյուներն ու արժեքները:
«Այս առումով ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի Սենատի որոշումը և, օգտվելով առիթից, կցանկանայի ձեզ և ամերիկացի ժողովրդին փոխանցել հայ ժողովրդի խորին երախտագիտությունն ու հարգանքը: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը, ակտիվացնենք երկկողմ հարաբերությունները և ամրապնդենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






