Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին:
Նշենք, որ Հայրապետյանը, մասնավորապես, քննադատել էր Սուքիասյանի արտահայտություններն առ այն, որ վերջինս ժամանակին խլել է «Բջնի» գործարանը։ ՀՖՖ նախկին ղեկավարը հայտարարել է, որ Սուքիասյանը չի վճարել հարկերն այն ժամանակահատվածում, երբ վերահսկում էր գործարանը։ Ռուբեն Հայրապետյանը նաև քննադատել է Սուքիասյանի՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։
Սուքիասյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Հայրապետյանի հայտարարությունները դարձել են վերջին օրերին իր դեմ տարվող մեդիա հարձակումների եզրափակիչ փուլ:
Գործարարը տեղեկացրել է, որ «Բջնի» գործարանի վերաբերյալ հայտարարություններով արդեն զբաղվում են իր փաստաբաններն ու հաշվապահները և առաջիկայում կներկայացվի գործարանի մասին բոլոր տեղեկությունները, մասնավորապես՝ արտադրանքի ծավալների, արտահանման և վճարված հարկերի քանակի վերաբերյալ։
«Այն, ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ էին վարվում գործարանի վերադարձի շուրջ։ Ես չեմ կարող բանակցություններ վարել իրավական հարթությունից դուրս գտնվող ոլորտում», — հայտարարել է Սուքիասյանը ։
Գործարարը նաև անդրադարձել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին ավելի վաղ հնչեցրած իր հայտարարություններին ՝ կրկին հայտարարելով, որ վերջինս «երբեք լավ ընկեր չի եղել»:
«Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ»,- մասնավորապես ասել է Խաչատուր Սուքիասյանը։
Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանի կողմից դեկտեմբերի 13-ի երեկոյան տված հարցազրույցում հնչեցրած մի շարք հայտարարությունների հերքմամբ հանդես էր եկել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքիանդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






