ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։
Հետագա արդյունավետ փոխգործակցության համար զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց հնարավորությունների բացահայտումը։
Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






