Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին։
«Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները:
ՀՀ նախագահն այստեղ կարևորել է «փոքր ուժի» դերը՝ նշելով, որ կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են։
«Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,-նշել է ՀՀ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







