Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տարածված մամլո հաղորդագրությունից:
Ըստ աղբյուրի՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները:
Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում առկա խնդիրներին, որոնցից են գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:
Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






