Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատգամավորները դրական են գնահատում երկու երկրների հարաբերությունների դինամիկան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խորհրդարանում տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև միջազգային անվտանգությանը: Խոսել ենք նաև ԼՂ հակամարտության մասին, հայ-ռուսական հարաբերությունների ու միջխորհրդարանական հարաբերությունների մասին: Պետք է նշեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ գնահատել ենք դրական»,- ասաց Ռուբինյանը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ իրենց համագործակցությունը շարունակաբար զարգացում է ապրում:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները:
«Մենք ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նման բովանդակությամբ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից»,- նշել է Կոսաչովը:
Նշենք, որ այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը թվով 5-րդն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






