ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման հնարավորությանը: Զախարովան նշել է, որ այս հարցը բանակցությունների օրակարգում է, այն Մոսկվայում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց հարազատների այցելությունը կազմակերպելու մասին
«Կարմիր խաչի օժանդակությամբ այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Մենք ողջունում ենք այդ՝ չափազանց կարևոր քայլը, այն դիտարկում ենք իբրև առաջին քայլ՝ անազատության մեջ գտնվող անձանց վիճակը թեթևացնելու ուղղությամբ»,- նշել է Մարիա Զախարովան։
Զախարովան հավելել է, որ կողմերի միջև նման պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում Ռուսաստանը կաջակցի այդ գործընթացի իրականացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






