Երեխաների ապօրինի որդեգրման գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջ բերել հանրության շրջանում: Այս մասին այսօր՝ Կառավարության ընթացող նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չնայած այս ամենին՝ շատ կարևոր է, որ գործի քննությունը անցնի առանց էմոցիաների:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում կարևոր է հասկանալ, որ ինչպես է պատահել և ինչպես է պատահում, որ ՀՀ-ում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել։
«Ըստ էության, կան կասկածներ, որ այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել, և մենք պետք է իսկապես խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի այս գործը՝ իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի»:
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի պատմության այդ ամոթալի էջը փակվելու է՝ իր բոլոր իրավական հետևանքներով:
Հիշեցենք, որ, համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է չորս անձ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Ձերբակալվածների թվում են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






